• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը «Կենտրոն» հեռուստաընկերությանը

05 փետրվարի, 2021

Հարց․  Վերջերս Հռոմի Պապը որոշում ընդունեց փետրվարի 27-ը հռչակել որպես Նարեկացու օր։ Ինչպե՞ս է ընդունվել այդ որոշումը։

Պատասխան․ Նախևառաջ կցանկանայի ասել, որ հայ-վատիկանյան կապերը, որոնք ներառում են ինչպես միջպետական, այնպես էլ միջեկեղեցական հարաբերություններ, առանձնանում են փոխադարձ հարգանքով, հոգևոր ու մշակութային արժեքների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրությամբ և տեսակետների ընդհանրությամբ։

Ինչպես հավանաբար հիշում եք, դեռևս 2015թ.-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել էր Վատիկանի գլխադասային կառույց հանդիսացող Սրբադասման հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի Սուրբ Գրիգոր Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին: Ի դեպ, պետք է նշեմ, որ «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը շնորհում են այն սրբերի շարքին, դասվածներին ու աստվածաբաններին, ովքեր իրենց կյանքի և գործունեության ընթացքում ցուցաբերել են վարդապետության բացառիկ տաղանդ:

2018թ․-ին Վատիկանի պարտեզներում տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը, որին հաջորդել է էկումենիկ արարողություն։ Այս միջոցառումն անց էր կացվել երկու պետությունների բարձրաստիճան հոգևոր ու պետական այրերի մասնակցությամբ և նրանց հովանու ներքո։

Օրերս Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվեց որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Հռոմի Պապի այս որոշմամբ Նարեկացու օրվա տոնակատարությունը տեղ կգտնի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն նաև պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։

 

Հարց․ Ի՞նչ նշանակություն ունի այս որոշումը մեզ համար։

Պատասխան․ Մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ դեռևս 2015թ.-ից մեկնարկած հոգևոր այս ճամփորդությունը, որը սկիզբ է առնում մեր նույնակունք անցյալից, քրիստոնեական ինքնությունից և պատմությունից, շարունակական է։

Հռոմի Պապի այս որոշումը գոհունակությամբ է ընդունվել հայության կողմից, և դրան այսօր էլ արձագանքում են տեղական ու օտար լրատվամիջոցները։ Ավելին, նույնիսկ գտնվեցին Վատիկանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ովքեր շնորհավորանքներ ուղղեցին մեր դեսպանությանը։ Սա մեծ պատիվ է։

Այս որոշման համատեքստում կցանկանայի ասել, որ հայ-վատիկանյան վաղեմի կապերի ու առնչությունների և այսօրվա մեր միջպետական հարաբերությունների հիմքում է ընկած մեր ժողովրդի բոլոր հատվածների հսկայական ներդրումը և նվիրական աշխատանքը։ Երախտապարտ ենք նաև Հռոմի Պապին, Սուրբ Աթոռում և Կաթողիկե եկեղեցում Հայաստանի բոլոր բարեկամներին ու հայամետ շրջանակներին։

 

Դեսպանի հարցազրույցի որոշ հատվածներ ներառվել են "Կենտրոն" հեռուստաալիքի "Էպիկենտրոն" լրատվական հաղորդման մեջ, որը կարելի է դիտել հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=RsrIWCxs_VE :

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: