• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը «Խաղաղության ձայն» հեռուստատեսությանը (Telepace)

20 սեպտեմբերի, 2019
ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը   «Խաղաղության ձայն» հեռուստատեսությանը (Telepace)
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ․ Այսօր Հայրենիքի Անկախության տոնին ընդառաջ, կցանկանայինք անդրադառնալ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին հուզող հարցերին, որոնց թվում են հայապահպանությունը, ինքնության պահպանումը, սփյուռքյան համայնքների դերը և նաև Հայաստան-Վատիկան հարաբերությունները։ Իհարկե, այս հարցերի շուրջ համապարփակ քննարկում կարող ենք իրականացնել Հայաստանի ներկայացուցիչի հետ։ Այսօր «Խաղաղության ձայն»-ի հայկական բաժինը ողջունում է Կարեն Նազարյանին, ով Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Սուրբ Աթոռում, Մալթային ինքնիշխան Ռազմական Ուխտում և Պորտուգաիայի Հանրապետությունում։

Ողջույն Ձեզ պարոն դեսպան։

ՊԱՏԱՍԽԱՆ․ Բարի եկաք, ուրախ եմ ողջունելու Ձեզ և «Խաղաղության Ձայն»-ի հեռուստադիտողներին հայրենիքի դեսպանությունից։ Միտումնավոր եմ գործածում «հայրենիք» բառը, քանի որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունը սպասարկելով Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև միջպետական կապերն իր հիմնական գործառույթն է համարում դարերի խորքից եկող հայ-վատիկանյան առնչությունների շարունակական զարգացումը։ Այդ վաղեմի կապերի ու հարաբերությունների հիմքում է ընկած մեր ժողովրդի բոլոր հատվածների հսկայական ներդրումը և նվիրական աշխատանքը։

ՀԱՐՑ․ Հիշեցիք Հայրենիք բառը, Հայրենիքի դեսպանություն․․․ 150 տարի առաջ Հ. Ղևոնդ Ալիշան գրել է «Հայրենի՜ք ... Այն քիչ անուններէն մէկն է այս՝ զոր գրեթէ ամօթ է բացատրել բարեկիրթ եւ զգօն անձի մը ... Գրեթէ մտքէն առաջ սիրտն կու հասնի, կʼըմբռնէ, կʼիմանայ զայս. կʼիմանայ զայն նաեւ երբ չի կրնար քիչ բառով կամ խօսքով բացատրել. մանաւանդ ուր քաղաքական եւ բարոյական տեսութիւնք՝ ասոր իմաստն այլ այլայլած կամ զանազանած ըլլան։ ... Եւ ահա [մարդ արարածը] կու ճանչնայ զազգս. եւ անոնց մէջ իր Համազգին. եւ երկրիս բնակութեան վրայ ասոր բռնած տեղն այլ՝ Հայրենիք։ Բնական է մարդուս փնտռել եւ սիրել զՀայրենիքը։ Ու՞ր է հայրենիքն ...» հարցնում է Ալիշանը, եթե նույն հարցով կարող ենք դիմել նաև Ձեզ։

ՊԱՏԱՍԽԱՆ․ Ալիշանի խոսքերը, որ մարդ պետք է փնտրի ու սիրի իր հայրենիքն այսօր էլ արձագանքում են որպես կենսական պատգամ ու աժմեական հարցադրում։ Ու՞ր է, և ո՞րն է հայրենիքը։ Հայրենիքը դա Հայաստանի սահմանամերձ գյուղի հողագործն է, հայրենիքը Հարվարդի համալսարանի հայ ուսանողն է, հայրենիքը դա Արցախի և Ադրբեջանի սահմանին կանգնած հայ զինվորն է, ու միաժամանակ, Ավստրալիայում հայկական կառուցի պատասխանատուն կամ անդամը, Ռուսաստանի հեռավոր շրջանում բնակվող հայ միգրանտն էմ և Կանադայում կամ Արգենտինայում ժողովրդին ծառայություն մատուցող հայ հոգևորականը և այդպես շարունակ։ Հայրենիքը մենք ենք, մեր հայկական փոքր պետությունով, սակայն մեր ազգի տպավորիչ և լայն աշխարհագրությամբ։ Հայրենիքն անցյալից բաժին հասած մեր պատմամշակութային հարուստ ժառանգությունն է, ինքնությունը՝ հայի վաղվա օրվա հանդեպ ունեցած մեր պատկերացումներով ու այդ ամենի նկատմամբ մեր պատասխանատվությունը։ Թերևս այսպես կարելի է բանաձևել։

ՀԱՐՑ․ Նշեցիք Հայաստանից մինչև Ավստրալիա, Ռուսաստան․․․ այդ դեպքում ո՞րն է հայի ինքնությունը. հայը աշխարհաքաղաքացի՞, ո՞րն է այդ ինքնության պահպանման ազդակները կամ գործոնները։

ՊԱՏԱՍԽԱՆ․ Որոշ հեղինակավոր հայագետներ, սփյուռքագետներ կարծում են, որ հայկական ինքնության մասին դժվար է խոսել եզակի դեմքով։ Հայն ունի մի քանի ինքնություն, որոնք պայմանավորված են սփյուռքյան գաղթոջախների ստեղծման ժամանակագրությամբ, աշխարհագրությամբ կամ հյուրընկալ երկրների առանձնահատկություններով և սովորություններով։ Կարծում եմ, որ հայը, այո, նաև աշխարհաքաղաքացի է։ Սա բնավ կապ չունի վերջին շրջանում տեղի ունեցող համաշխարհայնացման, գլոբալիզացիայի, կամ էլ մեր ժամանակների միգրացիոն գործընթացներով։ Հայի աշխարհաքաղաքացի լինելու արմատները պետք է փնտրել դարերի խորքում։ Գտնվելով գերտերությունների շահերի բախման խաչմերուկում, պատերազմների ու միջազգային առևտրական կապերի պատճառով հայը դարձել է իր արմատների, իր ինքնության անզիջող պահապանն ու միաժամանակ նաև՝ տարբեր մշակույթներն ընկալող և հարգող քաղաքացի կամ աշխարհաքաղաքացի ինչպես որ նշեցիք։ Մեր ժողովրդի բեկորները հրաշքով փրկվելով Հայոց ցեղասպանությունից այդ ունակության շնորհիվ էր որ կարողացան լավագույնս ինտեգրվել հյուրընկալ երկրների սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքում և միևնույն ժամանակ պահպանել իրենց ազգային նկարագիրը և ինքնությունը։ Սա իրողություն է, որը կարծում եմ և հարստություն է, և միաժամանակ առավելություն։

ՀԱՐՑ․ Հիշատակեցիք հայ ժողովրդի բեկորներին, որոնք սփռվելով աշխարհի չորս կողմերը ստեղծել են զանազան հաստատություններ, կառույցներ։ Մեր ինքնության պահպանման հաստատություններն այսօր վտանգված են, մասնավորապես, Մերձավոր Արևելքում։ Ո՞րն է յուրաքանչյուր հաստատության պարտականությունները, պատասխանատվությունը հայապահպանման կամ ինքնության պահպանման հարցում։

ՊԱՏԱՍԽԱՆ․ Կարծում եմ նախ պետք է արձանագրել, որ հայկական ինքնությունը վերացական գոյական չէ, այն նյութական է, այդ ինքնությունն ու դրա բնօրրանները կարելի տեսնել, շոշափել, ոգեշնչվել դրանցով։ Խոսքը գնում է այն պատկառելի պատմամշակութային ժառանգության մասին, որը մեզ բաժին է հասել մեր նախահայրերի մաքառումի ու պայքարի շնորհիվ։ Դրանցով մենք այսօր հպարտանում ենք, միևնույն ժամանակ ներկայանում աշխարհին որպես հարուստ քաղաքակրթության ներկայացուցիչներ, այդ բնօրրանները կարելի է տեսնել Հայաստանում, Արցախում, Ֆրանսիայում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում, Լիբանանում, Կիպրոսում և ամենուր։ Այսօր մեր ինքնության բնօրանների պահպանման ու դրանց հետագա տնօրինման կամ կառավարման հարցում համահայկական ցանցում գոյություն ունի դիսկուրս, երբեմն իրարամերժ մոտեցումներով ու տեսակետներով։ Դրանք թերևս ոչ բավարար տեղեկատվության, հաղորդակցության կամ թափանցիկության բացակայության հետևանք են։ Սակայն, ժամանակը վաղուց հասունացել է որպեսզի մենք այս հարցում լինենք առավել իրատեսական ու զգացական դաշտից տեղափոխվենք գործնական քայլերի։ Մեր հանրային ելույթներում հաճախ կարելի է հանդիպել հայապահպանում, հայակերտում, հայաճանաչում և այլ հնչեղ ձևակերպումների, բայց հարց է առաջանում թե արդյոք կատարել ենք տնային աշխատանքը, մասնավորապես, վերլուծվել է արդյոք թե ինչ ձևով է արդի համաշխարհայնացման կամ ինչպես ընդունված է ասել անդրսահմանային դինամիկան ու դրանով պայմանավորված գործընթացները ներազդում մեր ինքնության բնօրանների վրա, որոնք են դրանց հանդեպ վտանգները, կամ արդյոք այդ մարտահրավերները կարելի է վերածել նոր հնարավորությունների։ Սրանք հարցեր են որոնք սպասում են պատասխանի, և որքան շուտ այդքան լավ։ Կարծում եմ այս հարցում հավասարապես դերակատարում ունեն և պետությունը, և մեր գիտական համայնքը և սփյուռքյան կառույցները և նաև եկեղեցին։

ՀԱՐՑ․ Հղում կատարեցիք նախնինների ստեղծած արժեքներին ու ժառանգությանը։ Շատ անգամ նաև խոսում ենք Եվրոպական կամ արևմտյան արժեքների մասին։ Ո՞րտեղ են այդ արժեքները, պե՞տք է ընդունել կամ յուրացնել այն ամենը որ եվրոպական կամ արևմտյան է, կա՞ն արդյոք արժեքներ, որոնք յուրահատուկ և սեփական են ազգին ու դրանք նախնիններից հասած ժառանգություն են մեր ժողովրդի ու հայրենիքի համար։

ՊԱՏԱՍԽԱՆ․ Լավ հարց եք հնչեցնում, թե արդյոք պետք է յուրացնել արևմտյան արժեքները թե ոչ։ Մինչ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան նշանակվելը որոշակի ժամանակահատված պատասխանատու եմ եղել եվրոպական ուղղությամբ կառավարության կողմից գործադրվող քայլերի համար։ Նախ ասեմ, որ Եվրոպայի, այսինքն Եվրամիության ու նրա անդամ պետությունների հետ Հայաստանի ընդլայնված գործընկերության հիմքում ընկած է համընդհանուր արժեքները, որոնք ի դեպ, ոչ եվրոպական են, ոչ ամերիկյան, ոչ էլ ասենք կանադական։ Այդ արժեքները համընդհանուր են ու համամարդկային։ Դրանք ձևակերպված են ՄԱԿ-ի կանոնադրությունում, միջազգային դաշնագրերում, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայում և միջազգային հիմնարար այլ փաստաթղթերում, որոնց Հայաստանը վաղուց ի վեր մաս է կազմում։ Նույնիսկ, եթե համարենք որ այդ արժեքները եվրոպական են, ապա պետք է հաշվի առնել, որ դրանք խարսխված են քրիստոնեության ժայռի վրա, այլ կերպ ասած, եվրոպական ինքնությունն անհասկանալի է առանց քրիստոնեության, ու քրիստոնեության մեջ է գտնվում այն ընդհանուր արմատները, որոնց միջոցով այսօր ընկալվում է եվրոպական մայրցամաքի էությունը։ Այսօր էլ եվրոպական ոգին միասնական է, չէ որ այն հանդես է գալիս որպես է 28 երկրների միություն, որի ստեղծման հիմքը բաղկացած է քրիտոնեական ու համամարդկային արժեքներից՝ այդ թվում մարդու արժանապատվության, ազատությունների ու արդարադատության, կյանքի, ընտանիքի, հավատքի հանդեպ հարգանքի, իրավունքի գերակայության և այլն։ Սրանք սկզբունքներ են, որ ընկած նաև ՀՀ կառավարության գործունեության հիմքում: Մեզ համար որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած ժողովրդի, այդօրինակ հիմք ու արժեքներ ունեցող անվտանգային ու զարգացման մոդելը մեծապես ընկալելի է և ընդունելի։ Դա է թերևս պատճառը, որ այսօր Հայաստանը և Եվրամիությունը հանդես են գալիս որպես բնական գործընկերներ և ակտիվորեն փոխգործակցում են մի շարք կարևորագույն ուղղություններով։ Ավելին, այդ գործակցությունը որևէ կերպ չի կարող ազդել մեր ինքնության վրա կամ վտանգել այն, քանի որ հայկական էությունը, մեր քաղաքակրթությունն անցել են ժամանակի փորձություւնը, և այն չի գտնվում փնտրտուքի մեջ արևտյան և արևելյան արժեքներ որդեգրելու հարցում։ Մենք գիտենք թե ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, և այդ առումով մեր էությունը և ինքնությունը կատարյալ են։

ՀԱՐՑ․ Անդրադառնանք Հայաստանի Հանրապետության և Վատիկանի հարաբերություններին: Վատիկանը քրիստոնեական ամենամեծ կառույցն է, և Հայաստանի հետ ունի վաղեմի կապեր։ Առհասարակ, ներկայումս Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերություններին տրվում է հատուկ նշանակություն։ Մյուս կողմից նկատի ունենալով, որ Վատիկանն աշխարհի ամենափոքր պետությունն է արդյոք արդարացնում է այստեղ Հայաստանի դեսպանություն ունենալը։ Անցյալում հարաբերությունները միշտ սերտ են եղել, թեև այն ժամանակ չկային դիվանագիատական հարաբերություններ, կարող ենք հիշել Բենեդիկտոս XIV-րդ, Հովհաննես Պողոս II պապերին, ովքեր իրենց աջակցության ձեռքը մեկնեցին հայությանը սկած Ցեղասպանությունից մինչև երկրաշարժի տարիները։ Իսկ 2015թ․-ին Հայ Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսէս Պետրոսի խնդրանքով Ֆրանցիսկոս Պապը պատարագ էր մատուցել և այդ առիթվ հրապարակայնորեն ճանաչեց Ցեղասպանությունը։ Այսօր Վատիկանն որքանո՞վ կարող է նպաստել համահայկական խնդիրների լուծմանը, իրավունքների ճանաչմանը և ընդհանրապես Հայաստանի բարօրությանը։

ՊԱՏԱՍԽԱՆ․ Ես առիթներ ունեցել եմ խոսելու մեր երկկողմ հարաբերությունների մասին։ Նախ նշեմ, որ մենք Վատիկանը չենք դիտարկում որպես փոքր պետություն իր վարչական սահմաններից ներս։ Սուրբ Աթոռը և անձամբ Սրբազան քահանայապետն ակտիվ դերակատարում ունեն միջազգային հարաբերություններում։ Առհասարակ, աշխարհում խաղաղությունն ու դրան հասնելու համար նախադրյալների ստեղծումը մշտապես գերիշխել է Վատիկանի արտաքին քաղաքական օրակարգում։ Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա երկու պետությունները կիսում են նույն համընդհանուր սկզբունքները, որոնք ընկած են ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմքում։ Այսօրվա տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների ու մարտահրավերների լուծման հարցում Հայաստանը և Սուրբ Աթոռն ունեն ներդաշնակ մոտեցումներ, և միևնույն ժամանակ կիսում են նույն մտահոգությունները։ Դրանցից ես կառանձնացնեի խաղաղության ու զարգացման նպատակներին հասնելու մեր նույնական տեսլականը, հակամարտությունների ու տարաձայնությունների կարգավորման հարցում երկխոսության ընդգծումը, ասել է թե դրանք բանակցությունների միջոցով լուծելու մեր մոտեցումը՝ մերժելով ուժի կամ դրա սպառնալիքի գործադրումը։ Հայաստանի կառավարությունը և մեր ժողովուրդը մեծապես գնահատում են Հայող ցեղասպանության 100 ամյա տարելիցի առթիվ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային ու միանաշանակ ուղերձը։ Այն միավորեց մեզ հայերիս, գոտեպնդեց մեր բարեկամներին, որի արդյունքում էլ 2015թ-ից հետո իրար հաջորդեցին տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության վերջին շրջանի պաշտոնական ճանաչումների հայտարարությունները, որոշումները և բանաձևերը։ Ցեղասպանության հանցագործության ճանաչումն ամենակարևոր նախադրյալն է, արդարությանը և ազգերի ու պետությունների միջև հարատև համերաշխությանը հասնելու համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, այդ թվում մեր հոգևոր հայրերին ովքեր անցնող ժամանակաշրջանում և հիմա էլ իրենց շարունակական անմնացորդ ջանքերն են գործադրում աջակցելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, որը ներառված է մեր արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնայնություն։

ՀԱՐՑ․ Վատիկանը որպես պետություն և նաև կրոոնական կառույց ներկայացնում է կաթողիկե աշխարհը։ Նկատի ունենալով Ձեր դիվանագիտական առաքելության նպատակները, ինչպես եք տեսնում հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և կաթողիկե աշխարհի միջև, ու մասնավորապես, հայ կաթողիկե եկեղեցու ու պատրիարքության հետ։ Եվ նաև կցանկանայինք տեղեկանալ թե ինչպիսի՞ ծրագրեր կան մշակված ապագայի համար։

ՊԱՏԱՍԽԱՆ․ Այսօր Սուրբ Աթոռի հետ մեր հարաբերությունները կարող ենք գնահատել գերազանց։ Ինչպես արդեն նշեցի, մեր խնդիրն է զարգացնել միջպետական կապերն ամենատարբեր բնագավառներում։ Կարևորում ենք զուգահեռ ընթացող միջեկեղեցական երկխոսությունը, որը որքանով որ տեղյակ եմ բավականին սահուն է իրականացվում Հայաստանյայց առաքելական, Հայ կաթողիկե ու Հռոմի Սրբազան եկեղեցիների միջև։ Եթե ամփոփ անդրադառնանք դեսպանության աշխատանքի հիմնական ուղղություններին, ապա պետք է նշեմ, որ մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը։ Անհրաժեշտ ենք համարում նաև պահպանել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձրաստիճան այցերի դինամիկան։ Մեզ համար կարևոր է աշխատանքը կաթողիկե ազգաբանկչություն ունեցող այն երկրների հետ ուր մենք չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ, սակայն, այդ երկրները հավատարմագրված են այստեղ և ունեն դեսպաններ Սուրբ Աթոռում։ Գիտամշակութային բնագավառում նախատեսում ենք հայկական մշակութային արժեքների ճանաչելիության ընդլայնման նպատակով, Վատիկանի և Մատենադարանի արխիվային նյութերի, բնագրագիտական նոր հրատարակչությունների, համատեղ ուսումնասիրություններ, ձեռագրերի վերականգնման բնագավառում համագործակցությունը։ Դեպի Հայաստան ուխտագնացությունների կազմակերպումը նույնպես կարևորում ենք, սա նաև կապված է Հայաստանում զբոսաշրջությանը զարկ տալու կառավարության ծրագրի հետ, ուրախ եմ որ այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են գործնական քայլրեր։ Հայ վատիկանյան հարաբերությունների մասին գիտաժողովների անցկացումը, փաստավավերագրական ֆիլմերի պատրաստումը նույնպես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում։ Մեր օրակարգում կշարունակի մնալ նաև աշխատանք Սուրբ Աթոռի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ներգրավվածություն ունեցող կառույցների հետ։ Կարևորում եմ նաև կապը և փոխգործակցությունը Մխիթարյան Միաբանության, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ու դեսպանության միջև։ Մենք արժևորում մինչ օրս ունեցած հիանալի փոխհարաբերությունները և մտադիր ենք այս ուղղությամբ իրականացնել թիրախավորված համագործակցություն։ Սա, է ոչ ամբողջական ցանկը մեր անելիքների, և իհարկե այս ամենի իրականացման հարցում բաց ենք տարբեր առաջարկությունների համար։

ՀԱՐՑ Անցյալում ունեցել եք բեղուն գործունեություն Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում, Իրանում, արտգործնախարարությունում։ Ինչպիսի՞ն են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության ակնկալիքները սփյուռքի հայ համայնքներից, անհատներից ու հաստատություններից։
ՊԱՏԱՍԽԱՆ․ Անկեղծ ասած չունեմ ակնկալիք, սակայն ունեմ ցանկություն, և կարծում եմ ժամանակը վաղուց է հասունացել որպեսզի մեր ներհայկական իրողության շրջանակներում իրականացնենք ռազմավարական երկխոսություն, թե ինչպես ենք պատկերացնում վաղվա Հայրենիքը, որքանով են մեր պատկերացումները համընկնում կամ տարբերվում, որոնք են այսօրվա իրավիճակից բխող մարտահրավերների հանդեպ մեր ընկալումները։ Այստեղ կարևոր է որպեսզի մենք հստակորեն պատկերացնենք թե այդ զարգացումներն ինչպես են ազդում մեր Հայրենիքի՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքյան գաղթօջախների վրա։ Իմ ցանկությունն է որպեսզի այս հարցերի շուրջ ընթանան ներառական քննարկումներ և թող բախվեն ու երևան գան նոր մոտեցումներ, նոր առաջարկություններ։ Ի դեպ, վերջերս համահայկական օրակարգի ձևավորման մասին իր տեսակետները ներկայացրեց ՀՀ վարչապետը Արցախ այցելության ընթացքում, և մեծապես կարևորեց երիտասարդների ներգրավվածությունն այդ օրակարգի հարցերի քննարկման գործընթացում։ Մեր դեսպանությունը մտադիր է նախաձեռնել նման քննարկում և իմ ցանկությունն է այն սկսել տեղական համալսարաններում ուսանող հայ երիտասարդների և հետաքրքրված մյուսների ներգրավվածությամբ։ Կարծում եմ ինձ հետ կհամաձայնվեք, որ երիտասարդությունը մեր հայության բաբախող սիրտն է, ու նա ունի հատուկ ասելիք և ուրույն դերակատարում, ինչպես այս հարցազրույցի, այնպես էլ դրա շրջանակներից դուրս մեզ հուզող բոլոր հարցերի քննարկման ու դրանց համար լուծումներ գտնելու հարցում։

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ․ Շնորհակալ ենք շատ շահեկան քննարկման համար։

Հարցազրույցը վարեց Հայր Ներսես վրդ․ Սաքայեանը
Հռոմ, 20 սեպտեմբեր 2019թ․

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: