• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի այցը Սուրբ Աթոռ և Վարպետաց պալատ

27 փետրվարի, 2023
Փետրվարի 27-ին աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների փոխքարտուղար (ԱԳ նախարարի տեղակալ) գերպ․ Միրոսլավ Վախովսկու հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են քրիստոնեական արժեքների, պատմամշակութային վաղեմի կապերի վրա։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Սուրբ Աթոռի, և մասնավորապես, Հռոմի քահանայապետի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում որդեգրած սկզբունքային մոտեցումները։ Կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հիմք ընդունելով միջազգային որոշ հիմնախնդիրների՝ այդ թվում հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի առնչությամբ Հայաստանի և Սուրբ Աթոռի համանման մոտեցումները։
 
Ի հետևումն ՀՀ ԱԳ նախարարի անցած տարվա հոկտեմբերին Վարպետաց պալատ կատարած պաշտոնական այցի, Պարույր Հովհաննիսյանին ընդունել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո դի Մոնտեկուպոն։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է հաջողությամբ զարգացող երկկողմ հարաբերությունների ընթացքը։ Այդ համատեքստում փոխնախարարը կարևորել է ՀՀ-ում տարիներ ի վեր առողջապահության և սոցիալական ոլորտներում Մալթայի Ուխտի կողմից իրականացվող ծրագրերը։ Զրուցակիցները քննարկել են հումանիտար հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները, ներառյալ առաջին քրիստոնյա ժողովրդի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությունը և կարևորել Մալթայի Ուխտի հումանիտար դիվանագիտության դերն ու նշանակությունը հակամարտությունների հետևանքների մեղմման հարցում։
 
Վերոնշյալ հանդիպումների ընթացքում Պարույր Հովհաննիսյանը զրուցակիցներին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի դիրքորոշումները, Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած որոշման և Ադրբեջանի կողմից այն անհապաղ իրականացնելու կարևորությունը։
 
Նույն օրը Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին և այցելել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: