• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը իտալական SIR տեղեկատվական գործակալությանը

02 նոյեմբերի, 2020

 Հեղ. Մ. Կյարա Բիաջիոնի

«Այնտեղ ծանր հումանիտար իրավիճակ է: Ավելի քան մեկ ամիս շարունակվող մարտական գործողությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իրավապաշտպան կառույցները հայտնում են Արցախում հազարավոր վիրավորների, սպանված բազմաթիվ խաղաղ բնակիչների մասին»: Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը մեկնաբանում է S.I.R.-ին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կիրակի՝ նոյեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից արված ուղերձի լույսի ներքո: «Կցանկանայի վերահաստատել սրտագին կոչս հակամարտության կողմերի պատասխանատուներին, որպեսզի որքան հնարավոր է շուտ միջամտեն՝ դադարեցնելու համար անմեղ արյունահեղությունը»։ «Թող չմտածեն, որ հարցը կլուծվի բռնությամբ, այլ միջազգային հանրության օգնությամբ հանձնառու լինեն անկեղծ հիմնավոր բանակցությունների»,- ասել է Հռոմի Պապը։

 

Պարոն դեսպան, կներկայացնե՞ք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:

Իրավիճակն ավելի քան լուրջ է, քանի որ ականատես ենք լինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների ամենօրյա ռմբակոծությունների` այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի օգտագործմամբ, ներառյալ կասետային ռումբեր ու այս օրերին օգտագործվող արգելված սպիտակ ֆոսֆոր, որով հրդեհում են Արցախի անտառները: Սա միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան ու միջազգային այլ կոնվենցիաների կոպիտ ոտնահարում է: Բազմաթիվ ռազմական փորձագետներ հաստատում են, որ 21-րդ դարում նման մասշտաբային ռազմական գործողություններ չեն գրանցվել, Արցախի դեմ օգտագործվում են բոլոր տեսակի ժամանակակից զինատեսակները, ներառյալ տանկեր, զրահամեքենաներ և անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի հրետանի, հրթիռներ և ավիացիա՝ ուղղաթիռների, ինքնաթիռների ու մեծաքանակ զորքերի ներգրավվմամբ։

 

Նմանօրինակ լարված իրավիճակում որքանո՞վ Ֆրանցիսկոս Պապի կոչը կարող է ազդել, որպեսզի հակամարտության կողմերը հանձնառու լինեն խաղաղ բանակցություններին:

 Շատ կարևոր է, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը կրկին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց իրավիճակին։ Հռոմի Պապը կոչ արեց չմոռանալ «թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, ուր զինված բախումները հետևում են միմյանց փխրուն հրադադարներից հետո»: Նա քննադատել է զոհերի թվի ողբերգական աճը, բնակավայրերի, քաղաքացիական ենթակառույցների և աղոթատեղերի ավիրումը: Ինչպես արդեն տեղյակ եք, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը երկու անգամ թիրախավորված հրթիռակոծվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

 

Ի՞նչ կցանկանայիք ասել միջազգային հանրությանը:

 Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցնում է ծանր հումանիտար ճգնաժամի միջով: Արցախահայությանը սպառնում է ցեղասպանության վտանգը, և մենք դա ասում ենք՝ գիտակցելով «ցեղասպանություն» բառի իրական իմաստը: Միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք վճռական, առաջնորդող դերակատարում և գործողություններ՝ կանխելու համար նոր անմեղ զոհեր: Մասնավորապես Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է տնտեսական և դիվանագիտական ճնշումներ գործադրեն՝ ստիպելու Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Նորին Սրբության խոսքերը՝ հնարավորինս շուտ դադարեցնել այս արյունահեղությունը և ներգրավվել առարկայական բանակցություններում:

Իսկ միջազգային լրատվամիջոցներից մեր սպասումներ են ճշգրիտ տեղեկատվության և ճշմարտության տարածումը` ավելի հնչեղ դարձնելու պատերազմի զոհերի ձայները և աշխարհին բացահայտելու թուրք-ադրբեջանական հանցավոր դաշինքի կողմից և հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ տեղի ունեցող գլխատումների, սպանությունների և էթնիկական զտումների աներևակայելի սարսափները։

 

Արդյո՞ք գոյություն ունի կայուն և տևական խաղաղության համար հնարավոր լուծում:

Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները, որոնց աջակցում են Թուրքիան և միջազգային ահաբեկիչները, մնում են անպատիժ և միտումնավոր խոչնդոտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները, միակ արդյունավետ լուծումը կասեցնելու բռնության աճը, փրկելու բազմաթիվ մարդկային կյանքեր և տարածաշրջանում ապահովելու կայուն և տևական խաղաղություն՝ դա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: