• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ACI Stampa-ն մեկնաբանում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հայտարարությունները

08 օգոստոսի, 2020

Ս․թ․ օգոստոսի 8-ին առաջատար ACI Stampa իտալական գործակալությունը (որը պատկանում է ACI-EWTN News խմբին և հիմնականում անդրադառնում է Տիեզերական եկեղեցու ու Հռոմի Սրբազան քահանայապետի մասին լուրերին)  տպագրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը, որում հոդվածագիր Անդրեա Գալյարդուչին անդրադարձ է կատարում  հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը և այս առթիվ Ֆրանցիսկոս Պապի խնդրանքին՝ գտնելու «հարատև քաղաքական լուծում»։

Այնուհետև մեջբերելով դեսպան Նազարյանին՝ հոդվածագիրը նշում է, որ «մեր երկրի դեմ ագրեսիան սանձազերծել էր Ադրբեջանը, առհամարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի և Ֆրանցիսկոս Պապի ավելի վաղ արված կոչերը՝ COVID-19 համավարակի պայմաններում իրականացնել համընդհանուր հրադադար»։ Նազարյանը նաև նշում է, որ «իտալական մամուլն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Մեծամորի ատոմակայանի վրա հարձակվելու հայտարարությանը, ինչպես նաև թուրքական կողմի անընդունելի միջամտությանը, որի նպատակներից է նաև ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ կոծկելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին հուլիսի 12-ից ի վեր ուժի գործադրման անհերքելի փաստերը»։ Ըստ դեսպան Նազարյանի՝ «հայտնի է, որ Թուրքիան մշտապես փորձում է միջամտել տարածաշրջանային հակամարտություններին, առավել խճճելով դրանք, ստեղծելով լարվածության նոր օջախներ, խաթարելով իր հարևանների անվտանգությունն անկայունության տարածման միջոցով, որպեսզի հասնի իր առավելապաշտական նպատակներին։ Այդ ճանապարհին նա անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ արդարացնելով վերջինիս հայատյաց ու ռազմատենչ քաղաքականությունը»:  Դեսպանը հավելում է, որ «Թուրքիան փաստորեն գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ արցախյան հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավված կողմ և չի կարող որևէ դերակատարում ունենալ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում»: Գործակալությանն արված իր մեկնաբանություններում Նազարյանը լույս է սփռում տարածաշրջանում Թուրքիայի դերին, նշելով վերջինիս՝ Հայաստանի հանդեպ ունեցած թշնամանքի, Հայոց ցեղասպանության փաստի մերժման մասին և հավելում, որ «Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը լուրջ սպառնալիք է լայն իմաստով տարածաշրջանի համար»: Նա քննադատում է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր, մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը։ Դեսպանը նաև նշում է, որ «Տրդաթ անունով հայ ճարտարապետի ջանքերով էր վերականգնվել X դարում երկրաշարժի հետևանքով տուժած Ս.Սոֆիայի վնասված հատվածներն», ու տեղեկացնում, որ «թուրքական կողմի որոշման առթիվ մեկնաբանություններով ու հայտարարություններով  հանդես է եկել հայ հանրությունը՝ ի դեմս Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Ամենայն Հայոց ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների, հայկական ակադեմիական շրջանակների ու սփյուռքյան կառույցների։ Եվ դա բնական է, քանի որ այդ որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, ու այս ամենն անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում եկեղեցիների ու հոգևոր մյուս կոթողների պահպանման, դրանք ձևախեղումներից զերծ պահելու նպատակով միջազգային  մշտադիտարկման մեխանիզմի ներդրումը։ Հայաստանը պատրաստ է այս ուղղությամբ աշխատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նրա շահագրգիռ անդամ պետությունների հետ»։

 Հոդվածն իտալերենով ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://www.acistampa.com/story/diplomazia-pontificia-focus-internazionale-dal-libano-al-caucaso-14790

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: