• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Վարչապետը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր

17 հուլիսի, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի և հանդիպումների դինամիկան: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է երկկողմ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարը խոսել է մեր երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների և գործընթացների մասին:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Վատիկանն առանձնահատուկ հարաբերություններ են ունեցել, որոնք մինչ օրս էլ արդյունավետ զարգանում են: Ժոզե Ավելինու Բետանկուրն ընդգծել է՝ ուրախ է գտնվել մեր երկրում՝ պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, և Սուրբ Աթոռի պատրաստակամությունը հայտնել՝ օժանդակել Հայաստանին զարգացման և առաջընթացի ճանապարհին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Վատիկան կապերի հետագա խորացման հեռանկարների շուրջ: Վարչապետը նշել է, որ Հայաստան-Վատիկան սերտ համագործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանուր պատմական ժառանգություն ունենալու փաստի վրա, և որպես առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Սուրբ Աթոռի հետ կապերին:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախատագիտություն է հայտնում Հռոմի Սրբազան Քահանայապետին և Վատիկանին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրանով իսկ միջազգային ճանաչման գործընթացում մեծ ներդրում ունենալու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր է հնարավոր ցեղասպանությունները և ոճրագործությունները կանխելու տեսանկյունից: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: