• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Պորտուգալական Հանրապետություն

07 ապրիլի, 2019

ՀՀ նախագահը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է, և որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Horasis» միջազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: Զրուցակիցները, խոսելով համագործակցության հնարավոր ուղիների մասին, ընդգծել են կենտրոնի ապագա ծրագրերից մեկը Հայաստանում կազմակերպելու մտադրությունը։ Նշվել է, որ կդիտարկվի Horasis China 2020 հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

«Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, գործարարներ, հասարակական գործիչներ։

***

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։

Անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։

Պորտուգալիայի վարչապետն իր հերթին ընդգծել է Գալուստ Գյուլբենկյանի գործունեության ու նրա թողած ժառանգության, Գալուստ Գյուլբենկյան բարեգործական ու գիտամշակութային հիմնադրամի դերը Պորտուգալիայի համար:

Հայաստանի նախագահը և Պորտուգալիայի վարչապետը մտքեր են փոխանակել գործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն կրթության և գիտության ոլորտներում՝ այդ համատեքստում առաջարկելով իրականացնել ուսանողների ու գիտնականների փոխանակման, ինչպես նաև գիտահետազոտական համատեղ ծրագրեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Պորտուգալիան փոխգործակցության մեծ ներուժ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բնական գիտությունների, արհեստական բանականության ոլորտներում։ Նախագահ Սարգսյանը հավելել է, որ հայ-պորտուգալական համագործակցության առավել արդյունավետ ոլորտներից մեկը կարող է դառնալ զբոսաշրջությունը:

Զրուցակիցները խոսել են նաև երկու երկրների միջև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորության մասին` պայմանավորվելով ուսումնասիրել հարցը:

***

Այցի ընթացքում ՀՀ նախագահն այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։
Նշելով, որ վերջին անգամ այս հաստատությունում եղել է 15 տարի առաջ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Միշտ էլ հաճելի է ու հպարտ վերադառնալ այս վայր։ Գալուստ Գյուլբենկյանի վաստակն ու բարեսիրական գործունեությունը վերածվել են ուսանելի օրինակի ու փորձառության»։

Հիմնադրամի նախագահ տիկին Իզաբել Մոտան ներկայացրել է հաստատության մարդասիրական և բարեգործական լայնածավալ գործունեությունը, մասնավորապես անդրադարձել Հայաստանում և Սփյուռքում իրականացվող ծրագրերին:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու մեծ ներդրումը հայապահպանության ու հայագիտության զարգացման գործում։

Հանրապետության նախագահը խոսել է հիմնադրամի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերի մասին՝ մասնավորապես հիշատակելով, որ կառույցը դեռևս խորհրդային տարիներից աջակցում է Մատենադարանին:
«Կարծում եմ՝ լավ գաղափար կլինի, եթե հիմնադրամը դիտարկի Մատենադարանը որպես միջազգային նախագիծ: Մատենադարանն իր հարուստ ֆոնդերով ու գիտական-մասնագիտական հարուստ փորձով կարող է դառնալ հին ձեռագրերի պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային ու միջազգային կենտրոն»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ առաջարկելով դիտարկել այս ծրագիրն ու համատեղ քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու նպատակով: Նախագահը տեղեկացրել է նաև, որ այս ծրագրի շուրջ քննարկումներ է ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։
Արմեն Սարգսյանը հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ մեծացնելով նաև հիմնադրամի շարունակական աջակցությունից օգտվող ուսանողների, գիտնականների ու հետազոտողների թիվը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել համատեղ գիտահետազոտական նախաձեռնությամբ «Հորիզոն 2020» ծրագրին դիմելու հնարավորության մասին։

Նկատի առնելով, որ տարին հոբելյանական է՝ նշվում է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը, նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամի տնօրենին է նվիրել այդ առիթով թողարկված նամականիշների հավաքածուն:

Հանրապետության նախագահը դիտել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամում բացված` մեծ հային, գործարարին ու բարերարին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը։

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, շրջել ցուցասրահներով։ Գալուստ Գյուլբենկյանը արվեստի մեծ երկրպագու էր և այս թանգարանում ներկայացված է արվեստի գործերի նրա հարուստ հավաքածուն՝ նկարներ, քանդակներ, մետաղադրամներ, գրքեր, կիրառական արվեստի նմուշներ։

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

***

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև գիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրի նկատմամբ, քանի որ այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ:

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի հետ։
Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Պորտուգալիա։

Ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչությունները՝ Պորտուգալիայի նախագահը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ու նրա անունը կրող հիմնադրամի գործունեության մասին։

Նախագահ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը և նշել է, որ հիմնադրամը յուրատեսակ կամուրջ է հայ-պորտուգալական հարաբերություններում։

Հայաստանի և Պորտուգալիայի նախագահները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Նրանք համակարծիք են եղել, որ երկու երկրները հաջող գործընկերներ կարող են լինել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում։

Անդրադառնալով Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ։

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ զրուցակիցներն առանձնացրել են նաև զբոսաշրջության ոլորտը։ Նշելով, որ Հայաստանից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կարող են այցելել Պորտուգալիա և ավելի մեծ թվով պորտուգալացիներ կարող են գալ և բացահայտել Հայաստանը՝ կողմերը կարևորել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության բարելավման խնդիրը և հնարավորությունների ուսումնասիրումը։

Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Պորտուգալիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան։

Իր հերթին նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան հրավիրել է Հայաստանի իր գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարել Պորտուգալիա։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: